Նպատակներն ու ելակետերը

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել, որ մեկնարկել է ՀԱՀ Եռանկյունաձև այգու վերակառուցման/շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2025 թվականին։ Այգու վերակառուցումը հանարավոր է դարձել Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի հիման վրա, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) Արտասահմանում ամերիկյան համալսարանների և հիվանդանոցների (ASHA) գրասենյակի տրամադրած $752,410 դրամաշնորհի և ՀԱՀ-ի նվիրատուների կողմից տրամադրած գրեթե նույնչափ դրամական միջոցների շնորհիվ։ Տարածքը տրամադրվել է ՀԱՀ-ին Երևանի քաղաքապետարանի կողմից 2018 թվականին` 25 տարով անհատույց օգտագործման նպատակով։ Այգին կծառայի որպես կանաչ և, բաց հանրային տարածք՝ բոլորի համար։

Այժմ այգին ակտիվորեն օգտագործվում է հարակից տարածքի բնակիչների և ՀԱՀ համայնքի կողմից, սակայն այն մեծապես կարիք ունի բարեկարգման, գրավիչ միջավայրի և պատշաճ մթնոլորտի ստեղծման ու սպասարկման։ 2020 թվականին ՀԱՀ ուսանողների կողմից կատարվել է «Շահագրգիռ կողմերի ներգրավման գործընթաց» համակողմանի ուսումնասիրությունը, որի ընթացքում հավաքագրվել և վերլուծվել են այգու հարակից տարածքի բնակիչների ցանկություններն ու գաղափարները։ Այս ուսումնասիրության արդյունքները հիմք են հանդիսացել Եռանկյունաձև այգու դիզայնի գաղափարի ստեղծման գործընթացի համար:

Դիզայնի գաղափարի ձևավորում

Այգին ունի մեծ ներուժ՝ դառնալու կենսունակ և կանաչապատ վայր ՀԱՀ համայնքի և հարակից տարածքի բնակիչների համար։ Նախագծման աշխատանքների ամենաբարդ խնդիրներից մեկը լանդշաֆտային մակարդակների զգալի տարբերություններն են՝ այգին տեղադրված է բարձրադիր թեքության վրա, որը դժվարանցանելի է հետիոտնի համար, միատեսակ է դիզայնով և ունի էրոզիայի ու ջրի խնդիրներ։

Նախագիծն առաջարկում է այս թեքությունը վերափոխել աստիճանային/տերրասային տարածքների, որոնց միջով կձգվի հարմարավետ օձաձև և հեշտ անցանելի ճանապարհ՝ ներառյալ հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար։ Բացի այդ, տերրասային բաժանումները հնարավորություն կընձեռեն տնկել բազմազան բույսեր, նոր ծառեր և ստեղծել խաղի, սպորտի ու հանգստի համար նախատեսված տարածքներ։ Այգու սպասարկումը կապահովի ծառերի ու բույսերի խնամվածությունը։ Ջրային հատվածը կզովացնի տարածքը ամռան ամիսներին։

Նախագիծը նաև ներառում է թփերով և ծառերով ծածկված ստորգետնյա սպորտային կառույց, որը լիովին ինտեգրված կլինի այգու աստիճանային տարածքների մեջ։

Գործընթացն ու պլանավորումը

Եռանկյունաձև այգու նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման կազմակերպությունների ընտրության համար համալսարանի կողմից կազմակերպվել է բաց մրցույթ։ Այգու ճարտարապետական նախագծումը կատարվել է «Արխիդաչ» ՍՊԸ կողմից՝ Նիդեռլանդների լանդշաֆտային դիզայնի գործընկեր «MTD լանդշաֆտային ճարտարապետական» ընկերության հետ համագործակցությամբ, որը ստորգետնյա կառույցների վրա այգիներ նախագծելու մեծ փորձ ունի։ Կառուցապատումն իրականացնելու է «Գրավիթի» ՍՊԸ-ն։

Ի՞նչ կարծիք ունեք դիզայնի վերաբերյալ:

 

Այցելե՜ք https://park.aua.am/ կամ սկանավորե՜ք QR կոդը և կիսե՜ք մեզ հետ ձեր կարծիքը: Կարող եք ներկայացնել ձեր գաղափարներները, ցանկություններն ու դիտողությունները կայքի միջոցով կամ ուղարկելով նամակ [email protected] էլ. փոստին: